Աստծո կանչը
Հունվարի 30
Ո՛չ մի չարիք չի պատահի ձեզ, երբ Ես ձեզ հետ եմ.
«Ամեն ինչ, որ Նա է օրհնում, բարի է»:
Այն ժամանակը, որ մի կողմ է մնում, այդ այն ժամանակն է, որ տրվում է` խաղաղ մի կողմ քաշվելու և Ինձ հետ առանձնանալու համար:
Այդտեղ դուք կգտնեք վերանորոգող ուժ, զորություն և բժշկություն:
Առանձնացումի օրեր ընտրեք երբեմն:
Օրեր, երբ Ինձ հետ ապրելով` կվերադառնաք հանգստացած ու կազդուրված մարմնով, մտապես և հոգեպես, կատարելու համար Իմ կողմից հանձնարարված գործերը: Ես երբե՛ք չեմ տա ձեզ այնպիսի բեռներ, որ դուք չկարողանաք տանել:
Ողջունեք սերը, ուրախությունը և խաղաղությունը:
Թույլ մի՛ տվեք, որ անձնական զգացումները, եսասիրական մտածումները վանեն դրանց:
Դրանցից յուրաքանչյուրը առանձին հրաշքներ է գործում, իսկ միասին ի զորու են անել ամե՛ն ինչ, ամե՛ն բան, որ հարկավոր է ձեր նյութական, իմացական և հոգևոր կյանքի համար:
Այս հրաշագործ հատկությունների մեջ է գտնվում ամեն հաջողություն: Նախ պետք է կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այն լինի պահանջվածի պես. այնուհետև ձեր ձեռնարկած գործերը հաջողություն կունենան:
ՈՒ այս բոլորը ոչ թե վազվզելով ու նյութաշխարհի մեջ մաքառելով ձեռք կբերվի, այլ հոգու ռազմադաշտում, քանզի այդտեղ են սրանք շահվում: